Արցախի ազգային ժողովը կստեղծի հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործումն ուսումնասիրելու համար, հայտարարել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը։
Հանձնաժողովը կուսումնասիրի 2023 թվականի հունվարի 1-ից հետո բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունը, այդ թվում՝ Արցախի՝ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը։
Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է պետական միջոցների տնօրինման, ինչպես նաև պետական մարմինների ու պետության կողմից ստեղծված կազմակերպությունների գործունեության թափանցիկության հետ կապված հանրային քննարկումների ակտիվացման ֆոնին։ Միևնույն ժամանակ՝ նա հայտարարել է, որ առանց փաստացի հիմքերի՝ փորձեր են արվում կասկածի տակ դնել Հայաստանում Արցախի ներկայացուցչության գործունեությունը և ֆինանսական ռեսուրսների օգտագործումը։
«Յուրաքանչյուր հարց պետք է ստանա հիմնավորված և փաստական գնահատական՝ բացառապես ուսումնասիրության արդյունքների հիման վրա, այլ ոչ թե ենթադրությունների կամ չստուգված տեղեկությունների տարածման միջոցով»,- ընդգծել է նա։
Դանիելյանը հայտնել է, որ հանձնաժողովի ստեղծումն արցախյան հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունն է, իսկ Արցախի ազգային ժողովը, կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, աջակցել է այդ նախաձեռնությանը:
Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն օրենսդիր և գործադիր իշխանությունների, հանրային խորհրդի, հասարակական կազմակերպությունների և հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ հանձնաժողովն առաջիկայում կսկսի իր աշխատանքները և պարբերաբար կտեղեկացնի հանրությանը դրանց ընթացքի ու ստացված արդյունքների մասին։
Միարժամանակ, նա քաղաքական ուժերին, քաղաքացիական կազմակերպություններին և քաղաքացիներին կոչ է արել զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ այնպիսի գնահատականներ հնչեցնելուց, որոնք կարող են խաթարել Արցախի պետական ինստիտուտների հեղինակությունը՝ մինչև համապատասխան հետաքննությունների ավարտը։




























