Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնեցրել են առաջիկա օրերին երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին բարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը», – ասել է դիվանագետը։
«Այս պահին մենք մեր ամերիկացի գործընկերների հետ անցել ենք հանդիպման կոնկրետ նախապատրաստական աշխատանքներին»,- հավելել է Ուշակովը։
Նա նաև նշել է, որ պետությունների ղեկավարների հանդիպման վայրի մասին կհայտարարվի մի փոքր ուշ։
The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, օգոստոսի 6-ին գրել էր, որ Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ անձնական հանդիպում ունենալ Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ: Զելենսկու մասնակցությամբ հանդիպման մասին Ուշակովը չի խոսել: