Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 25-ից մեկնարկած Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Փակման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում: Զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները պարգևատրել են մեդալներով և պատվոգրերով։
Զորավարժություններին մասնակցել են զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից: Զորավարժություններին հետևել են նաև Հայաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները։
Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են ամեն տարի՝ 2011 թվականից ի վեր։ 2015 թվականից դրանք անցկացվում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, իսկ մինչ այդ երկկողմանի էին՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև։ 2024 թվականին Agile Spirit զորավարժությունները Վրաստանի տարածքում չեն անցկացվել, դրա պատճառները պաշտոնապես չեն հայտարարվել։