ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է երկու միջուկային սուզանավեր տեղակայել «համապատասխան տարածաշրջաններում»՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններից հետո։
«Խոսքերը շատ կարևոր են և հաճախ հանգեցնում են անկանխատեսելի հետևանքների: Հուսով եմ՝ այս անգամ դրան չի հասնի», – գրել է Թրամփը The Truth Social-ում:
Ավելի վաղ Թրամփը և Մեդվեդևը կոշտ հայտարարություններ են փոխանակել՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործում առաջընթաց ապահովելու համար ԱՄՆ նախագահի կողմից ռուսական կողմին սահմանված ժամկետից հետո :
Հուլիսի 28-ին Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվայի համար սահմանում է 10-12 օրվա նոր ժամկետ՝ պատերազմի դադարեցման գործում առաջընթաց ապահովելու համար: Ավելի վաղ նա խոսել էր 50-օրյա ժամկետի մասին, որից հետո ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ կսահմանի երկրորդական մաքսատուրքեր:
Ինչպես նշում է ՌԲԿ-ն, Մեդվեդևն այդ ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Իրան կամ Իսրայել չէ, որին վերջնագիր ներկայացնի, և յուրաքանչյուր նման պահանջ համարել է Միացյալ Նահանգների հետ պատերազմի քայլ:
«Ձեր կամ Թրամփի գործը չէ թելադրել, թե երբ «նստել բանակցությունների սեղանի շուրջ»։ Բանակցությունները կավարտվեն, երբ մեր ռազմական գործողությունը հասնի իր բոլոր նպատակներին։ Աշխատեք առաջին հերթին Ամերիկայի համար, պապիկներ», – գրել է Մեդվեդևը X-ում՝ դիմելով Թրամփին և հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմին։
Դրանից հետո Թրամփը խորհուրդ է տվել Մեդվեդևին «զգույշ լինել իր խոսքերի հետ», քանի որ նա «մտնում է շատ վտանգավոր տարածք»։ Ի պատասխան՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը խորհուրդ է տվել Թրամփին հիշել «իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին և այն, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»։ Նա հավելել է, որ «եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային ռեակցիա են առաջացնում հզոր ԱՄՆ նախագահի մոտ, ապա Ռուսաստանը ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ իր սեփական ճանապարհով»։