Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գոյության հարցը՝ շեշտելով, որ խումբը չկարողացավ արդյունավետ գործել նաև Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին նա գրել է «Հելսինկյան ակտը՝ կես դար. ակնկալիքներ, իրականություն, հեռանկարներ» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «Ռոսսիականյա գազետա»-ում։
«Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ ստեղծել երկխոսության պայմաններ հակամարտող կողմերի միջև, իսկ երբ դրա արևմտյան անդամները դադարեցրին համագործակցությունը Ռուսաստանի հետ, այն ամբողջությամբ իմաստազրկվեց»,- նշել է նա:
Ռուսաստանը Եվրասիայում նոր, ճկուն և կայուն անվտանգության ճարտարապետության ձևավորումը դիտարկում է որպես ռազմավարական ուղենիշ և ԵԱՀԿ-ին (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) այլընտրանք, քանի որ այն այլևս չի համապատասխանում փոխված աշխարհաքաղաքական իրողություններին, հավելել է ՌԴ արտգործնախարարը:
«ԵԱՀԿ-ում կուտակված խնդիրների ծավալը շատ մեծ է։ Դրանց ծանրության տակ այն դուրս է մղվել միջազգային գործընթացներից։ Վիեննայի հարթակում այլևս տեղ չի մնացել համագործակցության և անվտանգության համար։ Ժամանակն է մտածելու՝ արդյոք իմաստ կա՞ նման կազմակերպության հետագա գոյության մեջ»,- նշել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ «այսօր պետությունների ինքնիշխան հավասարության և փոխադարձ հարգանքով երկխոսության գաղափարները, որոնք ԵԱՀԿ-ում ոչնչացվել են, կյանքի են կոչվում ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և այլ տարածաշրջանային միավորումների ձևաչափով համագործակցության նախագծերում Եվրասիայի տարածքում»։
«Որպես ռազմավարական ուղենիշ՝ Ռուսաստանը տեսնում է հավասար և անբաժանելի անվտանգության ու համագործակցության ճկուն և կայուն ճարտարապետության ձևավորումը Եվրասիայում, որը համապատասխանում է ժամանակակից մարտահրավերներին։ Անվտանգության անբաժանելիության ապահովման նպատակը ԵԱՀԿ-ում չիրագործվեց, սակայն այն լիովին հնարավոր է կյանքի կոչել համաեվրասիական ճարտարապետության ձևավորման միջոցով, որը բաց կլինի մայրցամաքի բոլոր երկրների համար և կարտահայտի աշխարհի նոր՝ բազմաբևեռ վիճակը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա հիշեցրել է, որ «այն ուղղված է ռուս-բելառուսական նախաձեռնությանը՝ մշակելու «Եվրասիական խարտիա 21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության» մասին»։ Լավրովի համոզմամբ՝ «միգուցե ԵԱՀԿ-ն ունի վերածնման շանս, սակայն միայն այն դեպքում, եթե այն հարմարվի աշխարհաքաղաքական փոփոխված իրողություններին»։
ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություն: