Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն ընդլայնում է ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու հիմքերի ցանկը, փաստաթուղթը տեղադրվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում։
Օրենքի համաձայն՝ ցանկը ներառում է սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը, ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերը, ահաբեկչության արդարացումը կամ քարոզչությունը, գաղտնի համագործակցությունը օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ՝ Ռուսաստանի անվտանգության դեմ։
Օրենքը նախատեսում է քաղաքացիությունից զրկել նաև Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով մեղավոր ճանաչվելու դեպքում, դրանցից են՝ սպանությունը, երեխայի նկատմամբ անպարկեշտ գործողություններ կատարելը, 12-14 տարեկան երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալը, անչափահասին մարմնավաճառության մեջ ներգրավելը և այլն։