Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել զինաթափել շիական «Հեզբոլլահ» շարժումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ճշմարտության ժամը եկել է, մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը փլուզումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կողմերը, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ը, պետք է իրենց զենքը հանձնեն լիբանանյան բանակին»,- ասել է նա։
Աունի խոսքով՝ նման քայլը կնպաստի Լիբանանի ամբողջ տարածքում ազգային ինքնիշխանության վերականգնմանը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ լիբանանյան բանակը «միակ ուժն է, որը կարող է երաշխավորել կայունություն, միասնություն և պաշտպանել սահմանները»: Նախագահը հույս ունի, որ բարեկամ պետությունները կշարունակեն աջակցել լիբանանյան բանակին, որը տարեկան 1 մլրդ դոլարի օգնության կարիք ունի:
Ինչպես հուլիսի 29-ին հայտնել էր Reuters-ը, Միացյալ Նահանգները մեծացնում է ճնշումը լիբանանյան իշխանությունների վրա՝ պահանջելով, որ նրանք արագորեն ընդունեն «Հեզբոլլահ»-ին զինաթափելու պաշտոնական որոշում՝ նախքան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները վերսկսելը:
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ առանց լիբանանյան կառավարության համապատասխան հրապարակային պարտավորության ԱՄՆ-ն դեսպան Թոմ Բարաքին բանակցությունների համար այլևս չի ուղարկի Բեյրութ և չի ճնշի Իսրայելին՝ ավիահարվածները դադարեցնելու կամ զորքերը հարավային Լիբանանից դուրս բերելու հարցում:
«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը հուլիսի 30-ին մերժել էր շարժման զինաթափման կոչերը՝ ասելով, որ դրանք միայն Իսրայելին են օգուտ տալիս: