Իրանը համաձայնել է հանդիպել Եվրոպայի երեք խոշոր երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ վերսկսելու բանակցությունները երկրի միջուկային ծրագրի շուրջ, հաղորդում է Euronews-ը:
«Մենք աշխատում ենք եվրոպացիների հետ հանդիպման օրը հստակեցնելու ուղղությամբ»,- ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Նա նաև շեշտել է, որ Թեհրանի մոտեցումը միջուկային բանակցություններին այժմ «ավելի ուժեղ է, քան առաջ»։
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ նա ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իր գործընկերների հետ։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել բանակցությունների ձևաչափի շուրջ, և սպասվում է, որ դրանք կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։
Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո, երբ Թել Ավիվը և ԱՄՆ-ն հարվածել էին Իրանի հիմնական միջուկային օբյեկտներին, Թեհրանը կասեցրել էր համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) հետ, ինչի արդյունքում տեսուչները հեռացվել էին Իրանից։