Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Խորը մտահոգություն հայտնելով այս երկրում բռնության վերջին աճի կապակցությամբ առաջնորդներն ընդգծել են երկխոսության միջոցով իրադրության շուտափույթ կայունացման և ազգային համաձայնության ամրապնդման կարևորությունը՝ հարգելով բազմակրոն սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչների օրինական իրավունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու կողմից էլ շեշտվել է Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական բանակցությունների հարցը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի մեկնարկը և որպես երկխոսության հարթակ առաջարկել Ստամբուլը։
Սիրիայում դրուզների և բեդուինյան ցեղերի միջև զինված բախումները սրվել էին դրուզ վաճառականի ծեծի և առևանգման միջադեպից հետո։ Իրավիճակին միջամտել էր նաև Իսրայելը։ Հայտարարելով, որ պաշտպանում է դրուզների համայնքը, Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին։