Ամերիկյան CNN լրատվական գործակալությունը հրապարակել է 2024 թվականի ձայնագրություն, որը կատարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական միջոցառումների ընթացքում։ Դրանցում նա պատմում է, թե ինչպես է փորձել համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրաժարվել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններից՝ նրան սպառնալով «ռմբակոծել Մոսկվան»։
Թրամփի այս խոսքերի մասին դեռ 2024թ. մայիսին գրել էր The Washington Post-ը, սակայն աուդիոնյութեր այդ ժամանակ չէին հրապարակվել։ CNN-ը նշում է, որ ձայնագրությունները կատարվել են հանրապետականի հանդիպումների ժամանակ՝ Նյու Յորքում և Ֆլորիդայում տեղի ունեցած միջոցառումներում։ Ներկա էին լրագրողներ Ջոշ Դոուսը, Թայլեր Փեյջերը և Այզեք Առնսդորֆը՝ 2024 թվականի ԱՄՆ ընտրությունների մասին գրքի հեղինակները։
«Հետո [Պուտինը] պատասխանեց՝ «չեմ հավատում ձեզ»։ Նա ասաց՝ «չի կարող պատահել», իսկ ես ասացի՝ «կարող է»»,- ըստ լրատվամիջոցը՝ ասում է Թրամփը ձայնագրություններից մեկում։
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ գոհ չէ Պուտինից և հավելել, որ շատ լրջորեն դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։
Կրեմլում արձագանքել են, որ Ռուսաստանն ուշադիր է Թրամփի բոլոր հայտարարությունների նկատմամբ և շահագրգռված է իր նպատակներին հասնել քաղաքական-դիվանագիտական միջոցներով։
«Բայց քանի որ դա այս պահին հնարավոր չէ, շարունակում ենք մեր հատուկ գործողությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, Ռուսաստանի իշխանությունները դրանք համարում են անօրինական և նշում, որ Մոսկվայի հետ «վերջնագրերի լեզվով» խոսել պետք չէ: