Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Ջերի Փիլեյը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ:
«Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում իր ուրույն և հարգված տեղն ունի»,- ասել է Փիլեյը:
Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել կրոնական առաջնորդների պաշտպանությունն ու օրինական իրավունքները, զերծ մնալ կրոնական կազմակերպությունների դեմ գործողություններից և հայտարարություններից, պահպանել կրոնի ազատությունը և խրախուսել պետություն-եկեղեցի երկխոսությունը:
Մայիսի 29-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից», հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, իսկ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը: