«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Մինասյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում)։
Պատգամավորը ՔԿ-ի բակում լրագրողներին հայտնել է, որ հրաժարվել է ցուցմունք տալ, խափանման միջոց ընտրվել է բացակալության արգելքը։
«Իրավական որևէ հիմքից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է, մինչև միջազգային դատարաններ գնալու ենք։ Այս մարդիկ դատախազի գլխավորությամբ ներողություն են խնդրելու»,- ասել է Մինասյանը։
Այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Հուլիսի 7-ին ԱԺ-ն, հավանություն տալով գլխավոր դատախազի միջնորդությանը, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր Օհանյանին և Մինասյանին։





































