Ռուսական ավիափոխադրողները երկու օրվա ընթացքում՝ հուլիսի 5-ին և 6-ին, մինչև 20 մլրդ ռուբլի (մոտ 254 մլն ԱՄՆ դոլար) են կորցրել չվերթների զանգվածային չեղարկումների և ուշացումների պատճառով, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Պատճառը օդային իրադրությունն է և Կիևի կողմից ԱԹՍ-ների հաճախակի հարձակումները, ինչը կոլապս է առաջացրել երկրի առանցքային օդանավակայաններում։ Հատկապես տուժել են «Շերեմետևո», «Պուլկովո» և Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» օդանավակայանները։
Տրանսպորտի նախարարության և Ռոսավիացիայի տվյալներով՝ այս օրերին չեղարկվել է գրեթե 500 չվերթ, հետաձգվել՝ գրեթե 2000-ը։ Ավիաընկերությունները ստիպված տոմսերի ավելի քան 43 հազար վերադարձ են ձևակերպել, հյուրանոցներում տեղավորել 94 հազար ուղևորի, տրամադրել 199 հազար վաուչեր խմիչքների և 155 հազար սննդի համար։
Փոխադրողների համար մեկ չվերթի չեղարկման միջին արժեքը գնահատվում է 15-23 մլն ռուբլի։ Պահեստային օդանավակայանների օգտագործումը լրացուցիչ միլիոններ է արժեցել։ Նույնիսկ 15 րոպե ուշացումը հանգեցնում է մոտ 1,5 մլն ռուբլու կորստի։