Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց թույլատրվում է պայմանագրային հիմունքներով ծառայել Ռուսաստանի զինված ուժերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փոփոխություններ են կատարվել մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Զինակոչի և զինվորական ծառայության մասին», «Պաշտպանության մասին» և «Զինծառայողների կարգավիճակի մասին»։ Նոր կարգավորումները հնարավորություն են տալիս քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիներին զինվորական ծառայության պայմանագրեր կնքել Ռուսաստանի զինված ուժերում և զինվորական այլ կազմավորումների կազմում։
Քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրացիների հետ պայմանագրեր կարող են կնքվել մինչև մոբիլիզացիայի, ռազմական դրության կամ ռազմական ժամանակաշրջանի ավարտը։
Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից։ Ինչպես նշվում է օրենքի հիմնավորման մեջ, նման կարգը սահմանվում է «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը լրացուցիչ համալրելու անհետաձգելի միջոցառումների ընդունման անհրաժեշտությունից ելնելով»։