Եմենում գործող հուսիթները հայտարարել են, որ հրթիռային հարվածներ են հասցրել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Աշքելոնի էլեկտրակայանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ՝ հուլիսի 7-ի գիշերը, Իսրայելն էր հարվածել Եմենի երեք նավահանգիստների ու էլեկտրակայանի՝ հուսիթների թիրախներին: Ըստ Al Jazeera-ի՝ Իսրայելի հարձակումը Եմենի վրա գրանցվել է մոտ մեկ ամսվա դադարից հետո և հաջորդել է Իսրայելի բանակի հայտարարությանը, թե հաջողվել է որսալ հուսիթների կողմից հուլիսի 6-ի վաղ առավոտյան արձակված հրթիռը։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Եմենից արձակվել է երկու հրթիռ։ Հրթիռակոծության հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացվել Երուսաղեմում, Հեբրոնում և Մեռյալ ծովի մերձակայքում։
Իսրայելի շտապօգնության ծառայությունները հայտնել են, որ վնասների կամ տուժածների վերաբերյալ տվյալներ չկան։ Եմենում նման տեղեկատվություն ևս առկա չէ:
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական գործողության մեկնարկից հետո հուսիթներն սկսել էին հարվածներ հասցնել Եմենի ափերի մոտ գտնվող առևտրային նավերին։ Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ԶՈւ-ին հրամայել էր ռազմական գործողություններ սկսել շարժման դեմ։