Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն հանդիսացող անձի՝ «ազդեցիկ ադրբեջանցի օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին (Վագիֆ Բաքինսկի), հայտնում է Shot տելեգրամյան ալիքը:
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ ձերբակալության պատճառը Ռուսաստանում գտնվելու կանոնների խախտումն է: Նշվում է, որ Սուլեյմանովին տեղափոխել են Սախարովոյի միգրացիոն կենտրոն, որտեղ նա կպահվի երեք ամիս, ապա կարտաքսվի Ադրբեջան:
Աղբյուրները հայտնում են նաև Ադրբեջանից Զաուր մականունով ևս մեկ «հեղինակության» ձերբակալության մասին:
Սուլեյմանովին կապում են Մոսկվայում տարբեր բիզնես նախագծերի, մասնավորապես՝ Կալուգայի մայրուղու «Ֆուդ սիթիի» հետ։ Նա ծնվել է Թբիլիսիում 1965 թվականի օգոստոսի 15-ին, պատանեկությունն անցկացրել է Բաքվում, 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան։ 2006 թվականի նոյեմբերի 4-ին Մոսկվայում ձերբակալվել է 33 գր հաշիշ պահելու համար։
Հուլիսի 3-ին Ռուսաստանի դատական կատարողների դաշնային ծառայությունը (ФССП) հարկադիր կատարողական վարույթ էր հարուցել ադրբեջանցի գործարար Արաս (Արազ) Աղալարովի նկատմամբ։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ ՔԿ-ն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Բաքվում ձերբակալվել էին նաև ռուս լրագրողներ, ինչն Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու պատճառ էր դարձել: Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ռուսական կողմին բողոք էր ներկայացվել։