Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել անձնական հանդիպման հնարավորությունը, սակայն «այդ գաղափարը կախված է օդում», հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Պուտինն ու Թրամփն անցկացրել են տարեսկզբից ի վեր իրենց վեցերորդ հեռախոսազրույցը։
«Հանդիպման հնարավորության մասին խոսք չկար։ Բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ գաղափարն օդում կախված է, և անհրաժեշտության դեպքում դրա մասին կոնկրետ պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Այս անգամ այդ թեման չի շոշափվել»,- ասել է նա։
Ըստ Ուշակովի՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։
Կողմերը պայմանավորվել են, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ բանակցությունները տեղի կունենան։ Ըստ նախագահի օգնականի՝ Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլի կոնկրետ ժամկետները չեն քննարկվել։
«Բնականաբար, քննարկվել է ուկրաինական հիմնախնդիրը։ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։ Պուտինը նշել է, որ շարունակում ենք հակամարտության վերաբերյալ բանակցային լուծում փնտրել»,- ասել է նա։
Քննարկվող թեմաներից էր նաև իրավիճակը Սիրիայում, Իրանում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում:
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ:
Հունիսի 4-ին նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը հայտարարել էր, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների ուղղությամբ Ուկրաինայի իրականացրած հարձակմանը։