Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կատարի էմիրին տեղեկացրել է, որ Կատարի Ալ Ուդեյդ ԱՄՆ ռազմաբազայի վրա գիշերվա հրթիռակոծությունը եղել է միայն պատասխան ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ իսրայելական ագրեսիային միանալու գործողությանը, հաղորդում է Mehr գործակալությունը:
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը շեշտել է. «Նախօրեին տեղի ունեցածը պարզապես պատասխան էր ԱՄՆ-ի անմիջական մասնակցությանը սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ագրեսիային և որևէ կերպ ուղղված չէր Իսլամական Հանրապետության ու բարեկամ, եղբայրական և հարևան Կատարի դեմ»։
Կատարի էմիրը, իր հերթին, նշել է, որ իր երկրի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան երբեք չի օգտագործվել Իրանի դեմ հարված հասցնելու նպատակով, և ընդգծել է, որ Դոհան ցանկանում է ընդլայնել եղբայրական հարաբերությունները Իրանի հետ։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։