Իրանի զինված ուժերի համար ավելի հեշտ կլիներ հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա, քան հարվածներ հասցնել Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին, հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լրջորեն զգուշացնում ենք ԱՄՆ-ին, որ հակամարտությանը միջամտելը կվտանգի նրա շահերը Մերձավոր Արևելքում», – նշել է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը՝ խոսելով հակամարտությանը Վաշինգտոնի հնարավոր միջամտության մասին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը հակամարտությունը կհասցնի տարածաշրջանային մակարդակի։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը դիտարկում է Իսրայելի Դիմոնա քաղաքի միջուկային հետազոտական կենտրոնին հարվածելու հնարավորությունը՝ երկու երկրների միջև հակամարտության սրման դեպքում:
«Դիմոնայում միջուկային ռեակտորը կարող է դառնալ մեր օրինական թիրախը, եթե հակամարտությունը նոր մակարդակի բարձրանա», – ասել է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը: Նրա պնդմամբ՝ իսրայելական կողմը թաքցնում է, որ Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցնում։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: