«Մեծ յոթնյակի» (G7) պետությունները երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարություն են տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով Իսրայելին և Իրանն անվանելով Մերձավոր Արևելքում անկայունության աղբյուր, հայտնում է Reuters-ը:
Միևնույն ժամանակ՝ G7-ի առաջնորդները տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու կոչ են արել:
«Վերահաստատում ենք, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Վերահաստատում ենք մեր աջակցությունն Իսրայելի անվտանգությանը»,- ասվում է յոթ երկրների առաջնորդների մակարդակով արած հայտարարության մեջ:
«Մեծ յոթնյակը» շեշտել է, որ «Իրանն է տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության գլխավոր աղբյուրը»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք»:
Իսրայելի և Իրանի միջև հինգերորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։ Պաշտոնական Թել Ավիվը հայտնել է 24 քաղաքացիական զոհի, Թեհրանը՝ 220 զոհի մասին, որոնց մեծ մասը, ըստ իրանական կողմի, քաղաքացիական անձինք են:
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։