ԱՄՆ զինվորականները մեծ թվով լիցքավորող ինքնաթիռներ են տեղափոխել Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփին լրացուցիչ հնարավորություններ տրամադրելու համար, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունը վերաճում է Իրանի և Իսրայելի միջև հակամարտության, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի:
Պաշտոնյաները նաև հայտնել են, որ ամերիկյան Nimitz ավիակիրն ուղևորվում է Մերձավոր Արևելք, և դա նախապես պլանավորված տեղակայում էր: Nimitz-ը կարող է տեղավորել 5000 մարդ և ավելի քան 60 ինքնաթիռ, այդ թվում՝ կործանիչներ։
Գործակալությունը շեշտում է, որ այս տեղակայումները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներն զգալիորեն ուժեղացնում է իր օդային հզորությունը պոտենցիալ երկարատև գործողություններ իրականացնելու համար, քանի որ Իրանն ու Իսրայելը հարվածներ են փոխանակում աննախադեպ բաց պատերազմում:
Թռիչքներին հետևող AirNav systems կայքը հայտնել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 31 լիցքավորող ինքնաթիռ, հիմնականում՝ KC-135 և KC-46, հունիսի 15-ին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ուղևորվելով դեպի արևելք: ԱՄՆ պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել ինքնաթիռների քանակը:
Իսրայելն Իրանի ռմբակոծությունը սկսել էր հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ Թեհրանը միջուկային ռումբ ստեղծելու եզրին է: Այդ ժամանակից ի վեր Իրանն ու Իսրայելը հզոր հարվածներ են հասցնում միմյանց՝ սպանելով և վիրավորելով խաղաղ բնակիչներին և մտահոգություններ առաջացնելով ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաբերյալ: