Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում չեն բացառել Թեհրանի վերադարձը Վաշինգտոնի հետ բանակցություններին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը հիշեցրել է, որ «Իսրայելը հարվածներ է հասցրել բառացիորեն հունիսի 15-ին նախատեսված հերթական բանակցային փուլի նախօրեին»:
«Թրամփն իր կողմից նույնպես իրավիճակը բավականին տագնապալի է գնահատել՝ ընդունելով Իսրայելի հարվածների արդյունավետությունն Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին: Հատկանշական է, որ Ռուսաստանի և Ամերիկայի նախագահները, չնայած նման բարդացած իրադրությանը, չեն բացառում վերադարձը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղի»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը:
Ուշակովի խոսքով՝ ամերիկացի բանակցողների թիմը պատրաստ է վերսկսել աշխատանքն Իրանի ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնի է, նման անուղղակի բանակցությունների հինգ փուլ է տեղի ունեցել Օմանի միջնորդությամբ։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսաիդին հայտնել է, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունների նոր փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին՝ Մասկատում, չի կայանա։ Նա հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև:
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝