Մոսկվայի Յարոսլավլի կայարանում հայ գործարար Արեգ Շչեպիխինին առևանգողները գործով հարցաքննվել են միայն որպես վկա և նրանց անմիջապես ազատ են արձակել, գրում է Новая газета Европа-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի աղբյուրին:
«Ադամ Դելիմխանովի (Ռամզան Կադիրովի տեղակալ – խմբ․) մարդկանց, ովքեր կատարել են Շչեպիխինին առևանգելու նրա հրահանգը, ոչ ոք չի ձերբակալել։ Նրանք նույնիսկ չէին փորձում թաքնվել: Չեչենական իշխանությունների հետ իրավիճակը համաձայնեցնելուց հետո նրանք անձամբ ներկայացել են և հարցաքննվել որպես վկա։ Հետո հանգիստ հեռացել են»,- պատմել է ՔԿ-ում պարբերականի աղբյուրը։
Աղբյուրը նաև հայտնել է, որ «նրանց քրեական հետապնդման հարցը կարգավորվել է»:
Baza-ն գրել է, որ գործով անցնող վեց անձի մեղադրանք է առաջադրվել, սակայն նրանց ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ինքը՝ Շչեպիխինը, ձերբակալվել է։ Նրան մեղադրում են ծայրահեղականության և ատելության խոսքի հրապարակային կոչեր անելու մեջ։ Ըստ կայքի՝ Չեչնիայի դատախազությունը հիմքեր է նախապատրաստում Շչեպիխինի գործը Չեչնիա տեղափոխելու համար:
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Տղամարդն օգնություն էր կանչել և խնդրել ոստիկանություն զանգահարել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չի առևանգվել, այլ «ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։
Հունիսի 4-ին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել միջադեպի կապակցությամբ։ Գործով 6 անձ էր ձերբակալվել։ Շչեպիխինին մեղադրանք էր առաջադրվել ազգային ատելության հրահրման հոդվածով: Հունիսի 6-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել էր Շչեպիխինին։