Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին RT-ին տված հարցազրույցում ուկրաինական հակամարտության շրջանակներում ստեղծված իրավիճակը համեմատել է Արցախի հետ:
Նրա խոսքով՝ եթե ուկրաինական հակամարտությունը դադարեցվի ռազմաճակատի գծում, և համաձայնության չլինի «իրական խաղաղության» շուրջ, ապա այդ տարածաշրջանը «կվերածվի հսկայական Ղարաբաղի»:
«Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին (կանդամակցի ՆԱՏՕ-ին), կփորձի վերադարձնել այն, և դա կլինի մոլորակի վերջը։ Դա կլինի միջուկային պատերազմ: Մենք չենք ուզում, որ մեզ մոտ առիթ ստեղծվի, հսկա Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան ցանկանում է «կանգ առնել, լիարժեք խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»։
Ռուսաստանն ու Ուկրաինան մայիսին և հունիսին բանակցությունների երկու փուլ էին անցկացրել։ Մայիսի 16-ին կողմերն Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ինչպես նաև ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ: