Մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնի նախօրեին Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Aljazeera-ն:
Իսրայելական բանակը հարձակումից մեկ ժամ առաջ ստիպողական տարհանման հրաման էր տվել այն տարածքների բնակիչներին, որտեղ, ըստ նրանց, գտնվում էին Լիբանանի «Հըզբոլլահ» խմբավորման կողմից անօդաչու թռչող սարքերի արտադրության համար օգտագործվող ստորգետնյա հաստատություններ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով «Իսրայելի ագրեսիան» և միջազգային համաձայնագրի «կոպիտ խախտումը տոնի նախօրեին»։ Երկրի ղեկավարի խոսքով՝ վերջին յոթ ամսվա ընթացքում Իսրայելը գրեթե ամեն օր է խախտում հրադադարը։ Աունը դիմել է ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ պահանջելով զսպել Իսրայելին։
2024-ի նոյեմբերին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ 2024-ի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմին։ Միևնույն ժամանակ, նշել էր, որ վճռականորեն արձագանքում են «Հըզբոլլահ» շարժման կողմից ցանկացած խախտման։
2025-ի ապրիլին Լիբանանում երկու մարդ էր զոհվել իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։