Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել են երկու երկրների հարաբերություններում «շրջադարձային պահի» մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը:
«Ընդգծվել է, որ ներկայումս ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման մեջ շրջադարձային պահ է եկել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով երկրների միջև կապերը դինամիկ կզարգանան:
Փեզեշքիանն ու Ալիևը նշել են նաև Իրանի նախագահի՝ ապրիլին Բաքու կատարած այցի արդյունքները, մասնավորապես, Բաքու-Թավրիզ ավիաչվերթի վերականգնումը և Բաքու-Թեհրան երթուղով չվերթերի թվի ավելացումը:
Իրանը հունիսի 2-ին Ադրբեջանում նոր դեսպան էր նշանակել։ Մայիսի վերջին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր Իրանում Յասին Հուսեյնզադեի մահապատժի մասին, որը 2023 թվականի հունվարին հարձակում էր գործել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Բաքուն տեղի ունեցածը որակել էր «ահաբեկչություն», որից հետո դեսպանատան աշխատակիցներին Թեհրանից տարհանել էին Ադրբեջան: