Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմին վերջ տալու պայմաններով Ռուսաստանի հուշագիրն անվանել է «առավելագույն վերջնագիր», հայտնում է Суспільне-ն:
Փաստաթղթի գլխավոր կետը, որը պահանջում է ճանաչել Ուկրաինայի հինգ շրջանների անեքսիան և այդ տարածքներից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը, նա անվանել է «թյուրիմացություն»:
«Դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, առողջ բանականությանը և Ուկրաինայի սահմանադրությանը։ Նրանք, ի դեպ, գիտեն այդ մասին։ Սա այս պատերազմի համար Պուտինին (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – խմբ․) ամենամեծ պարգևի պահանջ է»,- ասել է Զելենսկին։
Ըստ նախագահի՝ Ուկրաինան չի ստացել իր սեփական հուշագրի պատասխանը, որն ուղարկվել է Կրեմլ երկու լեզուներով: Ուկրաինական հուշագիրն առաջարկում է հրադադար միջազգային վերահսկողության ներքո, գերիների փոխանակում, տեղահանված երեխաների վերադարձ, անվտանգության երաշխիքներ և հրադադարից հետո տարածքների հարցի քննարկում:
Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել հունիսի 2-ին՝ Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել էր որպես հաջորդ քայլ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպում կազմակերպել Անկարայում և Ստամբուլում: