ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
Նշվում է, որ կողմերը քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերը։
Ըստ գերատեսչության՝ Ռուբիոն Լավրովին ցավակցություն է հայտնել Բրյանսկի և Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցման հետևանքով զոհերի կապակցությամբ:
Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում՝ հունիսի 2-ին՝ ժամը 13։00-ին։ Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Թուրքիա։
Լավրովը մայիսի 28-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ։ Կիևն ու Մոսկվան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։