Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին՝ Գազայի հատվածում հրադադարի և վիճելի հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՀԱՄԱՍ-ից հավելել են, որ «անկլավում մշտական հրադադարի ապահովումը և այնտեղից իսրայելցի զինվորականների ամբողջական դուրսբերումը» պարտադիր պայման են համարում:
Այսօր ավելի վաղ Եգիպտոսը և Կատարը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում հույս էին հայտնել, որ Գազայի հատվածում մոտ ժամանակներս 60 օր ժամկետով հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի: Կահիրեն և Դոհան նաև ընդգծել էին, որ «աշխատում են կողմերի միջև առկա վիճելի կետերի կարգավորման ուղղությամբ»։
Մայիսի 29-ին իսրայելական Ynet պորտալը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը Գազայի վերաբերյալ նոր առաջարկ է ներկայացրել, որը նախատեսում է անկլավում 60 օրով անհապաղ հրադադար հաստատել և առաջին շաբաթվա ընթացքում ողջ մնացած 10 պատանդի ազատ արձակել՝ երկու փուլով:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Գազայում էսկալացիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 54 000-ի։