Reuters գործակալությունը բացահայտել է հրադադարի մասին ուկրաինական հուշագրի ամբողջական բովանդակությունը, որը նախատեսվում է քննարկել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններում:
Նշվում է, որ հուշագրի ռուսական տարբերակը կներկայացվի հենց Թուրքիայում։
Հուշագրի առաջին պարբերությունում ասվում է, որ «օդում, ցամաքում և ծովում լիակատար և անվերապահ հրադադարը» խաղաղ բանակցությունների նախապայման է. մեկ այլ մասում ասվում է, որ հրադադարի ռեժիմը սահմանվում է առնվազն 30 օրով՝ երկարաձգման հնարավորությամբ, մոնիթորինգն իրականացվում է «ԱՄՆ ղեկավարության ներքո՝ երրորդ երկրների մասնակցությամբ»:
Ուկրաինական առաջարկներից են նաև «գերիների փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց», «անվտանգության երաշխիքներ» Ուկրաինայի համար և միջազգային հանրության մասնակցությունը բանակցություններին, ԵՄ-ին միանալու հնարավորությունը, ՆԱՏՕ-ին անդամակցելը «կախված է դաշինքի ներսում կոնսենսուսից»:
Նշվում է նաև, որ սահմանափակումներ չեն կարող դրվել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, տեղակայման կամ այլ պարամետրերի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում բարեկամ օտարերկրյա պետությունների զորքերի տեղակայման վրա, միջազգային հանրությունը չի ճանաչում Ռուսաստանի վերահսկողությունը Ուկրաինայի այն տարածքների նկատմամբ, որոնք կորցրել են 2014 թվականի փետրվարից։
«Շփման գիծը բանակցությունների մեկնարկային կետն է։ Տարածքային հարցերը քննարկվում են միայն լիակատար և անվերապահ հրադադարից հետո։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակի, փուլային վերացում՝ դրանց վերականգնման հնարավորությամբ։ Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվներն օգտագործվում են վերականգնման համար կամ մնում են սառեցված մինչև հատուցումների վճարումը»,- ասվում է առաջարկների մեջ:
Ուկրաինական կողմն անհրաժեշտ է համարել նաև երկու երկրների ղեկավարների հանդիպումը՝ «վերջնական խաղաղ կարգավորման առանցքային ասպեկտների համաձայնեցման համար»։
Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում՝ հունիսի 2-ին՝ ժամը 13։00-ին։ Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Թուրքիա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտարարել էր, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ։ Կիևն ու Մոսկվան մայիսի 16-ին կրկին Ստամբուլում ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։