Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կտրականապես մերժել է Արևմուտքի պահանջները, ըստ որոնց՝ Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից՝ դրանք որակելով որպես իրանցի ժողովրդի նկատմամբ տիրապետություն հաստատելու փորձ, հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
«Երբ մյուս կողմն ասում է՝ դուք չպետք է ունենաք հարստացում, նրանք, ըստ էության, փորձում են տիրապետություն ու գերազանցություն հաստատել մեզ վրա։ Միջազգային իրավունքի շրջանակում մենք ունենք նույն իրավունքը, ինչ մյուս երկրները՝ օգտվելու խաղաղ ատոմային տեխնոլոգիայից, ներառյալ՝ հարստացումը»,- ասել է նա։
Արաղչին անհիմն է որակել Արևմուտքի մտահոգություններն Իրանի հարստացման ծրագրի վերաբերյալ:
«Նրանք ասում են՝ չպետք է ուրան հարստացնեք միայն այն պատճառով, որ մտահոգված են։ Բայց արդյոք նրանց մտահոգությունը համարվո՞ւմ է իրավական ու օրինական իրավունքից զրկելու բավարար հիմք»,- հարցրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Մայիսի 18-ին Իրանի նախագահը հնարավոր էր համարել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալը՝ պայմանով, որ որ Վաշինգտոնը դադարեցնի Թեհրանին սպառնալ։