Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ կանցկացնի Կիևում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին։
«Նախարարի այցն Ուկրաինա սպասվում է մայիսի 29-30-ին։ Նախատեսվում է, որ նա մի շարք հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասել է գործակալության աղբյուրը։
Մայիսի 25-27-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով Մոսկվայում էր՝ «երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններին մասնակցելու համար»։
Ֆիդանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը Թուրքիայի հետ փոխգործակցության փորձ ունի, և այն ապացուցել է իր արդյունավետությունը։ Ֆիդանն, իր հերթին, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում աջակցություն էր հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: