Ավելի քան 200 հազար հնդիկ զբոսաշրջիկ չեղարկել է այցը Թուրքիա, իսկ վաղ ամրագրումները նվազել են մինչև 300%-ով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հնդկաստան-Թուրքիա հարաբերություններում շարունակում է նկատվել լարվածություն Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցությունից հետո։
Նշվում է, որ բոյկոտելով մի շարք թուրքական ապրանքների դեմ՝ այժմ զգալիորեն նվազել է հնդիկ զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա։
Բացի այդ, չեղարկվել են նաև հնդիկ միլիարդատերերի Ստամբուլում, Անթալիայում և Բոդրումում կայանալիք շքեղ հարսանիքների նախապատրաստական աշխատանքները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ աջակցություն էր հայտնել Պակիստանին՝ ի նշան համերաշխության։ Սա տեղի էր ունեցել, երբ Հնդկաստանը մայիսի 7-ից սկսել էր ռազմական հարվածներ իրականացնել՝ ի պատասխան իսլամիստ զինյալների կողմից Քաշմիրում իրականացված հարձակման, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:
Սահմանային բախումները շարունակվել են չորս օր՝ մինչև հրադադարի հաստատումը։ Հնդկաստանի կառավարությունը, սակայն, պաշտոնապես չի պահանջել թուրքական ապրանքների բոյկոտ:
Հնդկաստանի փոքր մթերային խանութներն ու խոշոր առցանց նորաձևության վաճառքի տները հայտնել էին թուրքական արտադրանքը՝ շոկոլադից, սուրճից, մուրաբայից ու կոսմետիկայից մինչև հագուստ, բոյկոտելու մասին։ Հնդկաստանի Cox & Kings տուրիստական գործակալությունը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել բոլոր նոր տուր փաթեթների առաջարկը դեպի Ադրբեջան, Թուրքիա և Ուզբեկստան։