Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի ցամաքում, օդում և ծովում, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինա այցելած Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի ղեկավարները շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել խաղաղությանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ հրադադարին Կիևի պատրաստակամությունը:
Թրամփի, Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հեռախոսազրույցը, ըստ Սիբիգայի, «արդյունավետ» էր: Հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել Թրամփը, սակայն մայիսի 8-ին նա կոչ էր արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 30-օրյա հրադադար հաստատել՝ նախազգուշացնելով, որ Վաշինգտոնը և նրա գործընկերները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ, եթե հրադադարի պայմանները չպահպանվեն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս վերահաստատել է իր աջակցությունը «լիարժեք և առանց նախապայմանների 30-օրյա հրադադարի» առաջարկին:
Մայիսի 8-ից մեկնարկել է ՌԴ նախագահի առաջարկած եռօրյա հրադադարը: