Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը շարունակվում է։ Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Հնդկաստանը կրկին Պակիստանին մեղադրել է սահմանին կրակահերթեր իրականացնելու մեջ՝ պատասխան գործողություններ ձեռնարկելով։
«Ջամմու, Պատհանկոտ և Ուդհամպուր քաղաքների մոտ գտնվող ռազմական բազաները, որոնք տեղակայված են Հնդկաստան-Պակիստան միջազգային սահմանի մոտ՝ Ջամմու և Քաշմիր նահանգում, ենթարկվել են հարձակման հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով»,- հայտնել են հնդիկ զինվորականները X-ի հարթակում։
Նրանց խոսքով՝ սպառնալիքը չեզոքացվել է, կորուստներ չկան։
Economic Times-ը հայտնում է, որ Ջամմու և Քաշմիր շրջաններում տեղի են ունեցել զանգվածային էլեկտրականության անջատումներ։ NDTV-ն, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Հնդկաստանի բանակն ու նավատորմը գործողություն են սկսել Արաբական ծովում ուղղված Պակիստանի «մի շարք թիրախների» դեմ։ ANI գործակալության տվյալներով՝ Պատհանկոտ հատվածում խոցվել է պակիստանական ռազմական ինքնաթիռ, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Հնդկական Փենջաբի սահմանամերձ շրջաններում ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը և հեռու մնալ պատուհաններից։
«Մեր զինված ուժերն ակտիվորեն ներգրավված են. աջակցեք նրանց՝ մնալով տանը»,- նշված է ոստիկանության հայտարարությունում։
Միջուկային ուժ ունեցող երկու հարևան պետությունների միջև լարվածությունը կտրուկ աճել է Հնդկաստանի Փահալգամ նահանգում ապրիլի 23-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով կար 26 զոհ: Նյու Դելին մեղադրել էր Իսլամաբադին ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար։ Մայիսի 7-ին Հնդկաստանը հայտարարել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ինը թիրախների, պնդելով, որ հարվածել է «ահաբեկչական ենթակառուցվածքների» նպատակներին։ Պակիստանի ԶՈւ-ն արձագանքել էր հակահարվածներով։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հնդկաստանն իր տարածքում տեղի ունեցած ահաբեկչությանն արձագանքելու իրավունք ուներ։