Պաշտոնից զրկված և ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին պատկանող X սոցցանցի հաշիվը դատարանի որոշմամբ փակվել է, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմին կից հաղորդակցության վարչությունը։
2025 թվականի ապրիլի 24-ին Իմամօղլուի օգտահաշվում հայտնվել է մի հրապարակում, որը Ստամբուլի գլխավոր դատախազությունը համարել է օրենսդրության խախտում հրահրող։ Հետաքննությունից հետո որոշում է կայացվել արգելափակել հաշիվը մինչև կալանքի տակ պահելու ժամկետի ավարտը։
«Հրապարակումները վնասում են հասարակական կարգին, և հաշվի առնելով, որ կասկածյալը չէր կարող ինքնուրույն տեղադրել դրանք, հաշվի մուտքն արգելափակվել է որպես նախազգուշական միջոց»,- ասվում է հայտարարության մեջ: Արգելափակումը հիմնավորվել է «Ինտերնետում հրապարակումների կարգավորման մասին» Թուրքիայի օրենքով։
Ապրիլի 1-ին Armenia Today-ին տված հարցազրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարել էր, որ Իմամօղլուն նույնիսկ անազատության մեջ մնում է Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը և սպառնալիք գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության համար: Մելքոնյանի գնահատմամբ ՝ 2028 թվականին նախատեսված հաջորդ ընտրություններում Իմամօղլուն կարող է ամենամեծ խոչընդոտը լինել գործող նախագահի իրավահաջորդի համար։
Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Թուրքիայում հազարավոր մարդիկ նրան աջակցելու նպատակով դուրս էին եկել փողոց։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար, իսկ մարտի 22-ի գիշերը թուրք ոստիկանները ձերբակալել էին 343 ցուցարարի։