Ռուսաստանը դադարեցնում է բոլոր ռազմական գործողություններն Ուկրաինայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած զինադադարի շրջանակներում: Հրադադարը գործելու է մայիսի 8-ի՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից մինչև մայիսի 11-ը՝ ժամը 00:00-ն, ընդհանուր՝ 72 ժամ, հայտնում է ТАСС-ը:
Պուտինը հրադադար էր հայտարարել ապրիլի վերջին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, մերժել էր այդ առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով 30-օրյա զինադադար կնքել:
Ռուսական կողմը նշել է, որ ՌԴ ԶՈւ-ն պետք է պատրաստ լինի հետ մղել գրոհները, եթե Ուկրաինան խախտի հրադադարը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ մայիսյան զինադադարի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է, այս պահի դրությամբ դրա վերաբերյալ նոր ցուցումներ չկան:
Սա երրորդ հրադադարն է պատերազմի ընթացքում: