ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները դադարեցնում են հարվածները Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթների դիրքերին:
«Հուսիթներն ասացին, առնվազն մեզ, որ այլևս չեն ցանկանում կռվել։ Նրանք չեն ուզում կռվել, և մենք դա հարգում ենք։ Մենք կդադարեցնենք ռմբակոծությունները։ Նրանք կապիտուլացվել են»,- Թրամփի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նախագահի խոսքով՝ հուսիթները խոստացել են այլևս չհարձակվել Կարմիր ծովի և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցի նավերի վրա:
Ավելի ուշ Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ-Բուսաիդին հայտնել է, որ ԱՄՆ-ն և «Անսար Ալլահը» Օմանի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադարի մասին:
«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում կողմերը պարտավորվում են զերծ մնալ միմյանց վրա ցանկացած հարձակումից, ներառյալ Կարմիր ծովում և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցում ամերիկյան նավերի վրա հարձակումները, ինչը թույլ կտա ապահովել նավագնացության ազատությունը և վերացնել միջազգային առևտրի խոչընդոտները»,-հայտնել է նախարարը:
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական գործողության մեկնարկից հետո հուսիթներն սկսել էին հարվածներ հասցնել Եմենի ափերի մոտ գտնվող առևտրային նավերին։ Մարտի 15-ին Թրամփն ԱՄՆ ԶՈւ-ին հրամայել էր ռազմական գործողություններ սկսել շարժման դեմ։ Նա նաև Իրանին կոչ էր արել անհապաղ դադարեցնել հուսիթներին աջակցելը։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր «Անսար Ալլահի» դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին։