Կուրսկի շրջանը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողությունն ավարտվել է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովից, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գերասիմովը Գերագույն գլխավոր հրամանատար Պուտինին զեկուցել է Կուրսկի շրջանն ազատագրելու գործողության ավարտի մասին»,- ասել է նա։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինյալները մտել էին Կուրսկ։
«Նրանց առաջխաղացումը կասեցվել էր։ Մարտի սկզբին ռուսական զորքերը սկսել էին լայնածավալ հարձակում և մի քանի օրվա ընթացքում ազատագրել շուրջ 1100 քառակուսի կիլոմետր տարածք»,- գրում է կայքը։
Նշվում է, որ Կուրսկի սահմանային գոտում մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են առնվազն 75 հազար զինվոր և շուրջ 400 տանկ։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Մոսկվան համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:
Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցությունները «կառուցողական» էին։