Մայր Աթոռը դատապարտել է ապրիլի 8-ին Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը։
Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակը շեշտել է, որ ցուցահանդեսն արտահայտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումները և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումները։
«Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքներն «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գրասենյակը միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին կոչ է արել հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները։
«Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք»,- հավելել են Մայր Աթոռից։
Ապրիլի 11-ին Մայր Աթոռը դատապարտել էր Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը, որտեղ հայկական հուշարձանները «աղվանական» էին ներկայացրել։