ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ժամանել է Ռուսաստան, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին կտեղեկացնեն նախապես։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր փետրվարի 18-ին ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև ավելի վաղ կայացած հեռախոսազրույցից հետո։ Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, իսկ Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները տեղի էին ունեցել ապրիլի 10-ին՝ Ստամբուլում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում և տևել էին գրեթե վեց ժամ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը այս բանակցությունները որակել էր «կառուցողական»։