Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանում՝ Սիրիայում երկու երկրների զինվորականների միջև միջադեպերը կանխելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թուրքական աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ տեխնիկական բանակցությունները նշանավորել են ջանքերի սկիզբը`տարածաշրջանում ռազմական գործողությունների պատճառով հնարավոր բախումներից կամ թյուրըմբռնումներից խուսափելու համար։ Այդ մեխանիզմի ստեղծման ջանքերը կշարունակվեն, ասել է աղբյուրներից մեկը։
Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում «Իսրայելը հստակեցրել է, որ Սիրիայում օտարերկրյա զորքերի տեղակայման ցանկացած փոփոխություն, և մասնավորապես՝ Պալմիրայի տարածքում թուրքական բազաների ստեղծումը, «կարմիր գիծ» է և կհամարվի կանոնների խախտում»։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հաստատել է, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի գլխավորած իսրայելական պատվիրակությունը ապրիլի 10-ին Ադրբեջանում բանակցություններ է վարել թուրք պաշտոնյաների հետ։
Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերին, Իսրայելը զորքեր էր մտցրել Գոլանի բարձունքների բուֆերային գոտի, ապա՝ դրանից այն կողմ՝ հայտարարելով երկրի հարավում «ստերիլ գոտի» ստեղծելու ծրագրերի մասին։ Դեկտեմբերին Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր Թուրքիայի հետ «ռազմավարական» հարաբերություններ կառուցելու պատրաստակամության մասին։
Փետրվարի 5-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Դամասկոսն ու Անկարան քննարկում են պաշտպանական համաձայնագիր, որի համաձայն՝ Թուրքիան կարող է ավիաբազաներ տեղակայել Սիրիայում և օգտագործել Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով։ Իսրայելի պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության կոմիտեն խորհուրդ էր տվել պատրաստվել Թուրքիայի հետ ուղղակի բախման։