Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
«Մյանմայի պետական լրատվամիջոցների՝ մարտի 29-ի հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ հզոր երկրաշարժի հետևանքով երկրի բոլոր տուժած շրջաններում զոհվել է 1002 մարդ, վիրավորվել՝ 2376-ը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Տեղի բնակիչները հայտնել են, որ հեռախոսագծերը խափանվել են, իսկ էլեկտրամատակարարումը շատ վայրերում անջատվել է:
Աղետների կառավարման ազգային կոմիտեն արտակարգ դրություն է հայտարարել Սագաինգում, Մանդալայում, Մագուեյում, Բագոյում, հյուսիսարևելյան Շան նահանգում և Նեյփիտաու շրջանում:
Ռուսաստանը և Չինաստանը փրկարարներ, բժիշկներ և մասնագիտացված սարքավորումներ են ուղարկել որոնողափրկարարական աշխատանքների համար Մյանմա՝ երկրաշարժից տուժածներին գտնելու և փրկելու համար:
Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: Մարտի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել էր և հայտնել, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։