Էր Ռիադում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների՝ ավելի քան 12 ժամ տևած հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռուսական պատվիրակության աղբյուրին։
Նշվում է, որ բանակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը կհրապարակվի մարտի 25-ին։
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Էր Ռիադում ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններում քննարկվում են Ուկրաինայում տարածքային հարցերն ու հնարավոր սահմանազատման գծերը, Ուկրաինայում ատոմակայանների նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր վերահսկողությունը։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: