ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է շուտով ուկրաինական կարևոր հանքանյութերի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եկամուտների բաշխման համաձայնագիր ստորագրել, հայտնում է Reuters-ը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Էր Ռիադում ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններում քննարկվում են Ուկրաինայում տարածքային հարցերն ու հնարավոր սահմանազատման գծերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այս ամենից զատ՝ կողմերը քննարկում են Ուկրաինայում ատոմակայանների նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր վերահսկողությունը։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: