Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն Ուկրաինայի վերաբերյալ ապագա բանակցություններում կբարձրացնեն հրադադարի հաստատման, խաղաղապահ կոնտինգենտի և տարածքների սեփականության հետ կապված հարցեր, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է նա, մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կանցկացվեն սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնման շուրջ։
Թրամփի օգնականը նշել է, որ կողմերը կշոշափեն նաև «տարածքը մշտական և երկարաժամկետ խաղաղության հետ փոխանակելու մասին» հարցը, չմանրամասնելով, թե ի՞նչ տարածքների մասին է խոսքը։
«Ուկրաինական կողմը խոսում է այդ մասին որպես անվտանգության երաշխիքներ»,- հավելել է Ուոլցը:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: