G7-ի երկրները Կանադայում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության եզրափակիչ նախագծում ընդգծել են Ուկրաինայի համար «անվտանգության պայմանավորվածությունների» անհրաժեշտությունը, հաղորդում է Reuters-ը:
«Նրանք ընդգծել են, որ ցանկացած հրադադար պետք է պահպանվի, և նշել են անվտանգության շուրջ հուսալի և համոզիչ պայմանավորվածությունների անհրաժեշտությունը»,- հայտարարության եզրափակիչ նախագծից մեջբերում է գործակալությունը:
Մոսկվան պետք է «հետևի Կիևի օրինակին» և պայմանավորվի Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի մասին, հակառակ դեպքում՝ «Մեծ յոթնյակի» (G7) երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն, հավելում է Reuters-ը:
Գործակալությունն ընդգծում է, որ հայտարարությունը հավանության է արժանացել G7-ի երկրների բարձրաստիճան դիվանագետների կողմից, սակայն դեռ չի հաստատվել ԱԳՆ ղեկավարների կողմից:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։ Մարտի 12-ին Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: