Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինվորները հարձակվել են կառավարական ուժերի վրա, հայտնում է Reuters-ը։ Նրանք նաև բողոքի ցույցեր են անցկացնում։
Նշվում է, որ Ջաբլեի ափամերձ շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է կառավարական ուժերի առնվազն 13 ներկայացուցիչ, որոնք թիրախավորել են անվտանգության պարեկային կետերն ու անցակետերը Ջաբլեի շրջանում և շրջակա գյուղերում։
Ըստ գործակալության՝ հարձակումը հանգեցրել է առափնյա հատվածում լարվածության աճի, և մեծ մարտահրավեր է ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի համար։
«Լարվածությունը հատկապես սրվել է լեռնային ափամերձ շրջանում, որտեղ սիրիական կառավարությունը տեղակայել է անվտանգության մեծ ուժեր և որտեղ Ասադին միացած աշխարհազորայիններին հաջողվել է վերախմբավորվել»,- հայտնել են սիրիական աղբյուրները:
Իշխանությունները պարետային ժամ են հայտարարել առափնյա Տարտուս քաղաքում, որտեղ կառավարության դեմ բողոքի ցույցեր են սկսվել։ Ըստ տեղացիների՝ անվտանգության ուժերը ցույցը ցրելու համար կրակել են ամբոխի ուղղությամբ:
Բախումներ են տեղի ունեցել նաև Լաթաքիա, ալ-Սանամայն քաղաքներում:
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն՝ ներառյալ նոր պաշտպանության նախարարությունը:
«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։