ԱՄՆ-ն և Ուկրաինան պատրաստվում են օգտակար հանածոների մասին համաձայնագիր ստորագրել, հայտնում են Reuters-ի աղբյուրները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, որ ցանկանում է համաձայնագրի մասին հայտարարել երեքշաբթի երեկոյան՝ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ: Այնուհանդերձ, գործակալության աղբյուրների տեղեկություններով, նրանք նախազգուշացրել են, որ գործարքը դեռ չի ստորագրվել, և իրավիճակը կարող է փոխվել։
Նշվում է, որ Սպիտակ տունը և Կիևը չեն մեկնաբանել տեղեկությունը։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։ Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: