Թուրքիան խնդիր չունի հրեաների հետ, Անկարայի խնդիրը կապված է Իսրայելի «էքսպանսիոնիստական քաղաքականության հետ», «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիան առաջին երկրներից էր, որը ճանաչել է Իսրայել պետությունը։ Այս գործընթացում մենք ունենք միայն մեկ զգայունություն՝ Երուսաղեմը և Պաղեստինի ժողովուրդը։ Սա մեր ժողովրդի զգայունությունն է»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է 1967 թվականի սահմաններով Պաղեստինի գոյությունն ընդունելու ցանկության բացակայության մեջ»։
«Մեր խնդիրն Իսրայել պետության հետ է։ Բազմաթիվ անգամ նրանց ասել ենք, քանի դեռ պաղեստինցիներին ձեռք չեք տվել, քանի դեռ նրանց չեք սպանել, քանի դեռ Ալ-Աքսա մզկիթի հետ կապված խնդիրներ չկան, մենք ձեզ հետ խնդիրներ չունենք։ Բայց երբ նման բաներ են լինում, անհնար է, որ մեր ժողովուրդը չարձագանքի»,- ասել է Ֆիդանը։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Համաձայնագիրը նախատեսում էր հրադադարի նախնական փուլ 6 շաբաթ ժամկետով և ներառում էր Գազայի հատվածից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում, իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց:
Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին համաձայնագրի խախտումների պատճառով հետաձգել է Գազայի հատվածում պահվող պատանդների ազատման գործընթացը: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ արձակել բոլոր պահվող պատանդներին՝ հայտարարելով, որ եթե պահանջը չկատարվի, ապա «դժոխք կբռնկվի»։
Փետրվարի 23-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի բանակը ցանկացած պահի պատրաստ է վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայի հատվածում։